• tab1
  • tab2
  • tab3
  • tab4

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այս կայքը տեղեկություններ է պարունակում «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի վերաբերյալ

Թռչունների պահպանություն և աջակցություն Հայաստանի ձկնաբուծարանին

Թռչունների պահպանություն և աջակցություն Հայաստանի ձկնաբուծարանին

Արմաշի ջրաճահճային տարածքները պատկանում են ձկնաբուծարաններին՝ այդպիսով համընկնելով որսորդության համար նախատեսված հանրային տարածքների հետ։ Այդ պատճառով ջրային թռչունները կանգնած են երկու խոշոր սառնալիքի առջև՝ չվերահսկվող կրակոցներ և սահմանային միջավայրերի ոչնչացում։ Տարածքում թռչնադիտարկման գործողությունների մշակումը ձկնաորսի կորուստը փոխհատուցելու հնարավորություն ընձեռեց, և մի քանի տարվա ընթացքում փոխվեց ձկնաբուծարանների ղեկավարության վերաբերմունքը՝ վայրի կենդանիների պահպանությունը դարձնելով առաջնահերթություն։

 

 

Կարևորագույն թռչնաբանական տարածքները ձկնաբուծարաններում

«Արմաշ» կարևորագույն թռչնաբանական տարածքը (ԿԹՏ) գտնվում է Արարատյան դաշտում՝ ծովի մակերևույթից 781-794 մ բարձրության վրա և հանդիսանում Հայաստանի ամենախոշոր ծածանաբուծարանը՝ ներառելով ընդհանուր 1,514 հա ծածկույթ ունեցող կիսաանապատային շորանով շրջապատված 29 հողային ջրավազան։ Տարածքը վերջին անգամ գնահատվել է որպես ԿԹՏ 2013թ․-ին BirdLife International կազմակերպության կողմից։ Ձկնաբուծական ջրավազանները պատկանում են մի քանի մասնավոր սեփականատերերի։ Բուծարանը սնուցվում է ջրի երկու խոշոր աղբյուրներից՝ Արաքս գետից ջուր բերող ջրանցքը և արտեզյան հորերը։ Տարբեր տարածքներում բուսական ծածկույթը տարբեր է․ ջրաճահճային տարածքներում գերակշռում են Fragmites-ըTypha-ն և Carex-ը, իսկ կիսաանապատային տարածքներում աճում են Chenopodium-ըLepidium-ըSalsola-ն Alhagi-ն  և Zygophyllum-ը։ Տարածքի որոշ ջրավազաններ տասնամյակներով չեն օգտագործվել՝ հոսելով դեպի աղի սեզոնային ջրաճահճային տարածքներ։    

 

Ձկնաբուծական ավազանների խճանկարային կառուցվածքը

 

Աղի ջրով ճահիճներ

 

Ընդհանուր առմամբ, այստեղ արձանագրվել է 234 թռչնատեսակ, որոնց թվում՝ 93-ը բուծվող տեսակ են, իսկ 141-ը այս տարածքով չվում են կամ ձմեռում այստեղ։ Տարածքում դիտարկված տեսակները ներառում են ամբողջ աշխարհում վտանգված համարվող սպիտակագլուխ բադ (Oxyura leucocephala  (վտանգված)), մարմարյա մրտիմն (Marmaronetta angustirhostris(խոցելի)), կարմրագլուխ սուզաբադ (Aythya ferina (խոցելի)), սպիտակաաչք սուզաբադ (Aythya nyroca (գրեթե վտանգված)), սովորական կիվիվ (Vanellus vanellus (գրեթե վտանգված)), մեծ իլիկակտցար (Limosa limosa (գրեթե վտանգված)), սովորական տատրակ (Streptopelia turtur (վտանգված)), ինչպես նաև ազգային մակարդակով վտանգված սպիտակապոչ եղտյուրիկ (Vanellus leucurus (խոցելի)), սոխականման ճռիկահավ (Locustella luscinioides (խոցելի)), մոխրագույն սագ (Anser anser (խոցելի)), ծովային քարադր (Charadrius alexandrinеs) (խոցելի)) և այլն։ Տարածքն աստիճանաբար բնակեցվում է թևաբտիկ կիվիվի (Vanellus spinosus) կողմից, նշենք, որ սա Հայաստանում սպիտակագլուխ բադի, սպիտակապոչ եղտյուրիկի և ծովային քարադրի միակ հայտնի բազմացման վայրն է։ Վայրը առաջնահերթ կարևորություն ունի, քանի որ այդտեղ բնակվում են տարատեսակ ջրային թռչունների երամներ, այդ թվում՝ հայկական որորի (Larus armenicus) պոպուլյացիայի առնվազն 20 տոկոսը։

 

Աշխարհի մակարդակով վտանգված սպիտակագլուխ բադ

 

Արմաշի տարածքում առաջնահերթ նպատակ է դիտարկվում ձկնաբուծությունը։ Այն հանգեցնում է բուծարանների կառավարման նպատակների և պահպանության առաջնահերթությունների միջև հակասությունների, քանի որ մի կողմից ձկներով սնվող թռչնատեսակները ազդում են որսաքանակի վրա՝ սեփականատերերին ստիպելով կրակել դրանց վրա, իսկ մյուս կողմից՝ ձկան ինտենսիվ արտադրությունը պահանջում է ավազանների պակաս խճանկարային կառուցվածք, իսկ նման պահանջը հանգեցնում է ափամերձ բուսականության և թռչունների միջավայրերի կրճատմանը։ 

 

Տարածքի զգալի մասը (մոտ 2,020 հա) ներառված է որսորդության համար նախատեսված հանրային տարածքների մեջ։ Դրա հետևանքը տարածքում որսորդների մշտական ներկայությունն էր, որոնք թույլ վերահսկողության պայմաններում գերազանցում էին որսի թռչունների թույլատրված քվոտաները, ինչպես նաև ապօրինի որսում բադերի, ճահճային թռչունների, ջրահավերի և ձկնկուլների վտանգված տեսակներ։ Ավելին, տարածքում որսորդությունը արձակված փամփուշտների պատճառով աղտոտման հետևանք է ունենում, ինչը ջրաճահճային տարածքների և ջրային թռչունների համար հայտնի սպառնալիք է։

 

Արմաշի ԿԹՏ-ների և թռչունների պահպանությանն ուղղված կարևորագույն քայլը դրա պաշտոնական ճանաչումն էր որպես «Էմերալդ տարածք», ինչպես նաև հետագայում տարածքի համար կառավարման ծրագրի մշակումը։ Կառավարման ծրագրում պետք է հաշվի առնվեն և՛ բուծարանների սեփականատերերի շահերը, և՛ պահպանությանն ուղղված առաջնահերթությունները։ Կառավարման այդպիսի ծրագիրը պետք է նաև ներառի թվարկված սպառնալիքների մեղմացմանն ուղղված միջոցներ, ինչպես նաև գործարար մոդելների մշակում, որոնց դեպքում թռչնադիտարկումը կարող է ընդգրկվել ձկնարտադրության գործընթացում՝ փոխհատուցելով ձկներով սնվող ջրային թռչունների պատճառով տեղի ունեցող որսաքանակի կորստին և փոխարինելով որսորդներից ստացվող հավանական եմակուտները։

 

Թռչնադիտարկումը փոխարինում է թռչունների որսին

2006թ․-ից ի վեր մեր ջանքերը կենտրոնացրել ենք Արմաշի ջրաճահճային տարածքներում թռչնադիտարկման զարգացման վրա։ Զբոսաշրջիկներից պահանջվում էր մուտքավճար, որի նպատակը որսաքանակից ստացվող եկամտի փոխարինումն էր։ Այդ պատճառով Արմաշի ձկնաբուծարանի սեփանատերերին խնդրեցին ձկնաբուծարանի մի մասը հատկացնել թռչունների ուսումնասիրության համար, ինչը նշանակում էր ձկներով սնվող թռչունների որսի դադարեցում, որսորդների մուտքի արգելք, եղեգից ափամերձ հատվածների մաքրման աշխատանքների դադարեցում, ինչպես նաև աղի ջրով ճահիճների բնական վիճակը չխաթարելը։ Զբոսաշրջիկների թվի դանդաղ, բայց կայուն աճը վստահությամբ լցրեց Արմաշի ղեկավարությանն առ այն, որ մոդելն աշխատում է։ 2013թ․-ից զբոսաշրջիկների թիվն սկսեց արագ աճ գրանցել, ինչը բարձրացրեց մոդելի կայունության մակարդակը։ Այսպիսով, նույնիսկ 2020-2021թթ․-ին՝ COVID-19 համավարակի և զբոսաշրջիկների թվի զգալի անկման ընթացքում, ձկնաբուծարանի ղեկավարությունը շարունակեց հավատարիմ մնալ պահպանությանն ուղղված նպատակներին։

 

 

Ազգային մակարդակով պահպանվող ոտնացուպիկ

 

BirdLinks Armenia

Նախաձեռնությունը գլխավորել են մի քանի բնապահպան գիտնական, որոնք 2014թ․-ին հիմնեցին BirdLinks Armenia ՀԿ-ն։ Նախաձեռնությունը սեփական միջոցներից էր ֆինանսավորվում, քանի որ ուղեկցորդով թռչնադիտարկումներից ստացվող  հոնորարը ծառայեց որպես որսաքանակի կորստի փոխհատուցում՝ փոխարինելով որսորդներից ստացվող հավանական վճարին։

 

Որսորդության նվազումն ու տարածքի միջավայրերի խճանկարային կառուցվածքը հանգեցրին այն թռչնատեսակների թվի աճին, որոնք բազմանում են այսպես կոչված  «թռչունների պահպանության գոտում»։ Օրինակ՝ սպիտակագլուխ բադի թիվը աճեց՝ 4-ից հասնելով 15 բնադրող զույգի, իսկ ոտնացուպիկի թիվը մոտավորապոս 20-ից հասավ 80-ից ավել զույգի։

 

Այս հարցում կարևորագույն  փաստն այն է, որ Արմաշի ձկնաբուծարանը շարունակում է ձկներ աճեցնել «թռչունների պահպանության գոտում»։ Այսպիսով, նշյալ մոդելը փոխշահավետ է ձկնաբուծարանի ղեկավարության և վայրի կենդանական աշխարհի համար։ Այս դեպքը ուսուցանում է, որ համակողմանի վերլուծության և հետևողական իրականացման վրա հիմնված ճիշտ մոտեցումը կարող է աջակցել պահպանությանը նույնիսկ այնպիսի զարգացող շուկայում, որպիսին է Հայաստանը։

 

Արմաշի ջրաճահճային տարածքների զարգացման հեռանկարները ներառում են մի քանի ուղղություն՝

 

  • Տարածքի պաշտոնական ճանաչումը որպես «Էմերալդ տարածք»։
  • Տարածքի սահմանումը որպես Ռամսարի տարածք։
  • Տարածքի սահմանումը որպես առաջնահերթ գոտի՝ ըստ «Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագրի (AEWA):
  • Ինտեգրված կառավարման ծրագրի մշակում, որում հաշվի կառնվեն տարածքի՝ որպես միջազգային պահպանության գոտու առաջնահերթությունները, ինչպես նաև ձկնաբուծարանի ղեկավարության շահերը։
  • Տարածքի բացարձակ բացառումը որսորդության համար նախատեսված հանրային տարածքների ցանկից։
  • Տարածքի շրջակա միջավայրի մաքրում թափոններից և քաղաքային թափոնների կառավարման խնդրի լուծում։
  • Այցելուների կենտրոնի հիմնումը Արմաշի ջրաճահճային տարածքներում։
  • Տարածքում միջազգային և ազգային շուկաների համար թռչնադիտարկման և վայրի թռչուններին առնչվող զբոսաշրջության հետագա խթանումը։
  • Աջակցություն տարածքին հարակից գյուղերում հյուրընկալության ենթակառուցվածքների ստեղծման հարցում։
  • Մոդելի կիրառման տարածումը այլ ձկնաբուծարաններում։

 

Այսպիսով, տարածքը կլինի միջազգային պահպանության հովանոցի ներքո՝ ձեռք բերելով  ֆինանսական կայունություն՝ բավարարելով բոլոր շահագրգիռ գործարար և բնապահպան կողմերին։

 

Կապ

գ․դ․ Կարեն Աղաբաբյան

BirdLinks Armenia ՀԿ

Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։